Բռնցքամարտիկներ Բազեյանը և Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ են
22:26, 25 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Արթուր Բազեյանը և Արարատ Հարությունյանը դարձել են ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բազեյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Էդուարդ Սավվինի հետ ու զիջեց` դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
67 կգ քաշում բրոնզե մեդալ նվաճեց նաև Արարատ Հարությունյանը, ով կիսաեզրափակիչում զիջեց կրկին Ռուսաստանից Տարխան Իդիգովին:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում